Հայաստան
  • English

Իրադարձություններ


«Գարունը այնքան ծաղիկ է վառել...»

Քրիստոսի Հարության տոնի առթիվ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Կենտրոնի բարեկամների խորհրդի անդամները, այդ թվում «Երևան Ջուր» ընկերությունը:

Վերջինս, որ պարբերաբար իր համեստ մասնակցությունն է բերում Կենտրոնի զարգացմանն ու սաների կենցաղային պայմանների բարելավմանը, տոնի առթիվ վերանորոգել էր շենքի մի շարք հատվածներ, ինչպես նաև երեխաներին Մանկական աստվածաշունչ էր բերել` Աստծո խոսքին հաղորդ լինելու նպատակով:

-Դրանով իսկ ցանկանում ենք օգնել նրանց այս տարիքից շարժվել Աստծո պատգամներով, -ասաց իր ելույթում ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը: -Մյուս կողմից` հաճախակի այցելություններով, երեխաների կողքին լինելով, փորձում ենք նրանց մանկությունը մի փոքր գունավոր ու վառ դարձնել:

Հասարկության օգնությունը, և ոչ միայն նյութական Կենտրոնի գործունեության բարելավման նպատակով կարևորեցին Կենտրոնի գործադիր տնօրեն Միռա Անտոնյանը, երգահան Արա Գևորգյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը: Իսկ նման ուշադրության համար շնորհակալ «զատիկ-սաները» պատվեցին հյուրերին թատերականացված բեմադրությամբ, նվիրված գարնանը, կյանքի զարթոնքին ու անմնացորդ հավատին ապագայի նկատմամբ. «Գարունը այնքան ծաղիկ է վառել...»: Իսկ «կադրից դուրս» նրանք անթաքույց ուրախությամբ կիսվեցին հյուրերի հետ լավագույն երազանքներով, որ մայրիկները միշտ իրենց կողքին լինեն և որ իրենք հետո «մեծ մարդ» դառնան: Ու նաև հավաստիացրին, որ իրենց վարդագույն ցանկությունները մի օր անպայման կիրականանան:

Ի պատասխան` Բարեկամների խորհրդի անդամները խոստացան կրկին ու կրկին այցելել Կենտրոն, «Երևան Ջուրն» էլ վստահեցրեց` օգնությունը երեխաներին կշարունակվի:

Հաղորդակցության բաժին

«Երևան Ջուր» ՓԲԸ