Մամուլի հաղորդագրություններ

«Երևան ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքում իրականացվող խմելու ջրի ծախսի ստուգման արդյունքների մասին

ՆՊԱՏԱԿ ԵՎ ԽՆԴԻՐ

2009թ. հոկտեմբերի վերջից առ այսօր «Երևան ջուր» ՓԲԸ-ն խմելու ջրի օգտագործման արդյունավետությունը ստուգելու, կորուստների պատճառները պարզելու, ինչպես նաև ջրի հաշվառումը հստակեցնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք թաղամասերում իրակացնում է ստուգումներ 124 բազմաբնակարան շենքերի և առանձնատների ընդգրկմամբ:
Արդեն ավարտվել է բազմաբնակարան շենքերում տարվող աշխատանքների նախնական փուլը Նոր Նորքի 5-րդ զանգվածում (կորուստը` 48 %/, Կենտրոնում) կորուստը` 43 %/, Մալաթիա-Սեբաստիայում (կորուստը` 53 %): Նոր Նորքի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ստորև:

 
logger

Ճնշման չափիչ սարքեր

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՒՄ

Նոր Նորքի 5-րդ զանգվածը ձևավորված ջրամատակարարման փակ գոտի է` կազմված 2 մասից և ապահովված տարածքին մատակարավող ջրի քանակը հաշվառող չափիչ սարքերով:
 Տվյալ տարածքում սպառող է հանդիսանում 60 բազմաբնակարան շենք /բնակիչ-բաժանորդների ընդհանուր քանակը 3167 է, բնակիչներինը` 11560/: Ստուգման առավել անաչառության համար անհրաժեշտ վայրերում տեղադրվել են ջրի ծախսը ավտոմատ գրանցող սարքեր` լոգերներ, աշխատանքային վիճակի են բերվել շենքերի մուտքագծերի ջրաչափական հանգույցները և իրականացվել է ջրի ծախսի շուրջօրյա դիտարկումներ:
Մատակարարվող ջրի առավելագույն սպառումը զանգվածում կազմել է 37 լ/վ.` ժամը 9.00, իսկ նվազագույնը` 6,6 լ/վ ժամը 4.00:

ԱՐԴՅՈՒՆՔ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վերլուծության համաձայն տարածքին մատակարարվող ջրի 52% համարվում է չհաշվառված ջրաքանակ /տեխնիկական և առևտրային կորուստներ/: Ջրի մնացած 48 % հասնում է սպառողներին, որոնց 4 % իրավաբանական անձինք են, իսկ 44 %` ֆիզիկական անձինք: Հիմք ընդունելով վերջին 3 ամսվա ընթացքում ձևավորված օրական միջին սպառման քանակը` հաշվարկվել է, որ բազնաբնակարան շենքեր մտնող քանակության 48 % /22-70 % տարբեր շենքերում/ չի գրանցվում բնակարաններում տեղադրված չափիչ սարքերի միջոցով: Դրա պատճառով 5-րդ զանգվածում ջրի ընդհանուր կորուստն ավելանում է 21 %:
Ասել է թե` տարածքում խմելու ջրի ապօրինի օգտագործումը կամ ջրաչափական սարքերի թերգրանցումը կրում են զանգվածային բնույթ, ջրի իրական ծախսը բնակիչ-բաժանորդների կողմից շատ ավելին է, քան ներկայացվում է, համապատասխանաբար նույնքան քիչ` կորուստները:

ԱՌԱՋԻԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ստուգման արդյունքները վերջնականապես ճշգրտելու և ընկերության` ջրի սպառումը կարգավորելուն ու կորուստների քանակը նվազեցնելուն ուղղված հետագա անելիքներն որոշելու հանար նախատեսվում է առաջիկայում 2 բազմաբնակարան շենքում իրականացնել մանրակրկիտ ստուգում, խնդրի լուծման նպատակով մշակել համալիր ծրագիր: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում «Երևան ջուր» ՓԲԸ-ն ուսումնասիրվող շենքերի բնակարաններում կտեղադրի նոր, շատ ավել բարձր ճշգրտություն ունեցող ջրաչափեր:

ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳԻՐ

 Հարկ է նշել նաև, որ «Երևան ջուր» ընկերությունը նախատեսում է նմանատիպ ստուգումներ իրականացնել նաև առանձնատներուվ կառուցապատված թաղամասերում, որտեղ ջրի կորուստն առավել մեծ է: Այդ նպատակով պատվիրվել է 30 հատ հատուկ նախագծի ժամանակակից ցրտադիմացկուն դիտահոր ջրաչափի համար, որոնք պետք է տեղադրվեն բնակարանից դուրս և անաչառորեն գրանցեն ջրի իրական ծախսը տվյալ բաժանորդների մոտ: